Չեմպիոնների լիգայի` «Ռեալ»-ԲԿՄԱ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպման նախաշեմին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն իր կարծիքն է հայտնել առաջիկա մրցավեճի վերաբերյալ:
«Իմ սկզբունքը հետևյալն է. մինչ խաղը ֆավորիտներ չեն լինում: Այդ մասին ես միշտ ասում եմ ֆուտբոլիստներին: Թիմերից յուրաքանչյուրն իր տրամադրության տակ ունի խաղադաշտ, 90 րոպե և գնդակ` ապացուցելու իր առավելությունը: Արդյունքի հասնելու համար ֆուտբոլիստները պետք է հավատան իրենց հաջողությանը: Հոգեբանությունը շատ կարևոր է ֆուտբոլում:
Ներկայիս «Ռեալը» շատ հզոր է: Թիմը ցուցադրում է դիտարժան և արդյունավետ խաղ: Նրանք ի զորու են հաղթել նույնիսկ ուժեղ մրցակիցներին:
Ֆուտբոլը հետաքրքիր է նախ և առաջ իր անկանխատեսելիությամբ, այնպես որ ԲԿՄԱ-ն, բնականաբար, ունի հաղթելու հնարավորություն: ԲԿՄԱ-ի համար հաջորդ փուլ անցնելը մեծ նվաճում կլինի, մինչդեռ «Ռեալի» համար դա նորմալ է», - կարծում է մասնագետը: